ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իսկ տուժողը բյուջեն է

Իսկ տուժողը բյուջեն է
28.07.2009 | 00:00

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ
Ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում, օրենսդրական բացի պատճառով, Հայաստանը զրկվում է ֆինանսական ուղղակի ներդրումներից։
Իսկ խնդիրը մեկն է. մեր բազմահազար հայրենակիցները, ովքեր 1991-1997-ն ընկած ժամանակահատվածում անօրինական ճանապարհով հեռացել են Հայաստանից, այսօր մեծ դժվարությամբ են կարողանում առանց խոչընդոտների այցելել Հայաստան, ինչպես զբոսաշրջիկ։ Ավելին, այս խնդիրը որոշ ոլորտներում պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի համար։ Ի՞նչ են ասում հենց իրենք` հայրենի «տան» դուռն իրենց առաջ փակ գտած նախկին հայաստանաբնակները։ «Առանց որևէ դժվարության հասանք Հայաստան, սակայն օդանավակայանում սահմանապահները թույլ չտվեցին մեզ մուտք գործել ՀՀ տարածք` պատճառաբանելով, թե ինչ-որ ժամանակ անօրինական ձևով ենք հեռացել հայրենիքից։ Բայց հետաքրքիրն այն է, որ որոշ դեպքերում հնարավոր է լինում լեզու գտնել նրանց հետ, և հարցը լուծվում է»,- մեզ հետ զրույցում նշում էին ուղևորները։ Սակայն, ինչպես պարզվեց, ոչ միշտ է, որ «լեզու գտնել» ասվածը գործում է, քանի որ մեր նույն զրուցակիցները փաստում էին և այլ իրողության մասին. «Քիչ չեն դեպքերը, որ այդպես էլ հարցը չի լուծվում, և ուղևորները վերադառնում են` չհատելով Հայաստանի սահմանը»։ Իհարկե, ճիշտ կլինի, որ ուղևորների անունը նշվի, սակայն, ինչպես միշտ, այս դեպքում ևս նրանց մոտ գործում է զգուշավորության, ինքնապաշտպանության սինդրոմը, որից, ի դեպ, տուժում են հենց իրենք։ Բնական է, որ առանց կոնկրետ անունների համապատասխան կառույցները չեն կարող խնդիրը լուծել։ Խնդրի առնչությամբ փորձեցինք ճշտել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ կարծիքը։ «Ներկայացված յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրել առանձին, որպեսզի պարզ լինի յուրաքանչյուր դեպքի, խնդրի պատճառը։ Կարծում եմ` ճիշտ կլինի այդ հարցը քննարկել սահմանապահների հետ»,- ասաց նա։ Ինչ խոսք, առաջիկա համարներից մեկում կփորձենք ճշտել և վերջիններիս տեսակետը, իսկ մինչ այդ նկատենք հետևյալը. մի կողմից, իշխանությունները ջանում են Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը, ավելին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում է նախարարներին իրենց հանգիստը կազմակերպել ՀՀ-ի տարածքում, մյուս կողմից, անհասկանալի արգելափակոցներ են կանգնեցնում օտար ափերից հայրենիք ժամանողների ճանապարհին։ Համաձայնեք, որ այս խնդիրն անհրաժեշտ է ոչ միայն շուտափույթ լուծել մեր հայրենակիցների իրավունքները վերականգնելու, այլև զուտ տնտեսական շահավետության առումով։ Եթե ամառային սեզոնում նշված պատճառով կանխվում է N թվով հայրենակիցների մուտքը Հայաստան, ինչ-որ տոկոսով էլ տուժում է պետբյուջեն։ Այն պարզ պատճառով, որ այդ մարդիկ չեն կարող գնումներ կատարել ՀՀ-ում, ինչպես նաև կազմակերպել իրենց հանգիստը, մի խոսքով` փող ծախսել։ Նշվածից ելնելով, կարծում ենք, ամենաճիշտ և երկուստեք շահեկան տարբերակն այն է, որ խնդիրը լրջորեն ուսումնասիրվի և, անհրաժեշտության դեպքում, կարգավորվի օրենսդրորեն, ինչի արդյունքում կխթանվի ինչպես զբոսաշրջությունը (ասել է թե` լրացուցիչ գումարներ մուտք կգործեն պետբյուջե), այնպես էլ կվերացվեն տարբեր շահարկումներն ու կոռուպցիոն դրսևորումները։
Զարուհի ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ